Sunday 9 February 2014

6. ՄԱՏԹԵՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆ։ ՀՈՎՍԵՓԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՏԹ. Ա 18-25
Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության: 

18Յիսուս Քրիստոսի ծնունդը այսպէս եղաւ. նրա մայրը՝ Մարիամը, որ Յովսէփի նշանածն էր, նախքան նրանց՝ իրար մօտենալը, Սուրբ Հոգուց յղիացած գտնուեց։ 19Եւ Յովսէփը՝ նրա մարդը, քանի որ արդար էր եւ չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան։ 20Եւ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց նրան եւ ասաց. «Յովսէ՛փ, Դաւթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մօտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետեւ նրա մէջ ծնուածը Սուրբ Հոգուց է։ 21Նա մի որդի պիտի ծնի, եւ նրա անունը Յիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին՝ իր մեղքերից»։ 22Սակայն այս ամէնը եղաւ, որպէսզի կատարուի, ինչ որ Տիրոջ կողմից ասուել էր Եսայի մարգարէի բերանով. 23«Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»։ 24Եւ Յովսէփը քնից արթնանալով՝ արեց, ինչպէս հրամայել էր իրեն Տիրոջ հրեշտակը, եւ իր կնոջն առաւ իր մօտ։ 25Բայց նրա հետ չյարաբերուեց, մինչեւ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն եւ նրա անունը դրեց Յիսուս։ 

Մարիամը միայն ավետման ժամանակ է կոչվել Հովսեփի խոսեցյալը (նշանած) (ՂՈՒԿ. Ա 27), իսկ Հիսուսի ծնունդից առաջ կոչվել է Հովսեփի կինը (ՄԱՏԹ. Ա 20), որը ցույց է տալիս, թե նույն ժամանակահատվածում է տեղի ունեցել Հովսեփի ու Մարիամի օրինական ամուսնությունը: Մարիամն ավետումից անմիջապես հետո գնաց Քեբրոն, իսկ Նազարեթ վերադառնալուց մինչև Հիսուսի ծնունդը ևս վեց ամիս տևեց, և պետք է ճիշտ այս ժամանակամիջոցում էլ դնել ամուսնության օրինական արարողությունը: Մարիամի Քեբրոնից վերադառնալուց և ամուսնության օրհնությունից հետո այլևս նրա հղի լինելը պետք է երևար, ինչը որ Հովսեփի մտքի շփոթման պատճառ հանդիսացավ: Բայց Հովսեփը ուղղամիտ մարդ էր. իր համար դժվար էր կնոջ պատվին դիպչելը և լավագույնն էր առանց ձայնի ու աղմուկի բաժանվել նրանից:
Ավետարանիչը արձակել զնա բացատրությունն է օգտագործում, որը օրինավոր կնոջը ապահարզան տալ է նշանակում, քան թե պարզ մի նշանվածի բաժանումը: Եվ այս հիմք ընդունելով էր, որ ասացինք, թե նախ օրինավոր ամուսնությունը կատարվեց, ապա Հովսեփն իմացավ Մարիամի հղի վիճակի մասին: Անշուշտ հրաշքով հղության բացատրության մասին խոսվեց այդ երկուսի միջև, և իհարկե այդ պարագան Մարիամի ծնողներից գաղտնի չէր կարող մնալ, բայց Հովսեփը դեռևս մտմտուքից զերծ չէր:
Աստվածային այցելությունը ցանկացավ բարի և արդար Հովսեփին այդ մտային տագնապից փրկել: Եվ հրեշտակը, անշուշտ նորից Գաբրիելը, այս անգամ Հովսեփին հայտնվեց, Մարիամին պատահած հայտնությունները նաև Հովսեփին հաղորդեց, բացատրեց սքանչելակերպ հղությունը, ծնվող որդու ով լինելը և մարդկության փրկագործության խորհուրդը: Հովսեփի միտքը լուսավորվեց և սիրտը հանդարտվեց, կնոջն արձակելու մտածումը իրենից հեռացրեց, Մարիամին պահեց որպես օրինավոր կին, բայց նրա կուսությունը հարգեց և կույս մոր ու կուսածին որդու պաշտպանը եղավ, իսկ մարդկանց կողմից որպես Մարիամի ամուսին և Հիսուսի հայր ճանաչվեց: Ավետարանում Հիսուսի մասին Մարիամի անդրանիկը կոչվելուց (ՄԱՏԹ. Ա 25) եզրակացնողներ եղան, որ Հիսուսի ծնունդից հետո Հովսեփից ու Մարիամից ուրիշ զավակներ էլ ծնվեցին, և թե սրանք Տեառնեղբայր կոչված չորս եղբայրներն են՝ Հակոբը, Հովսեսը, Սիմոնը և Հուդան (ՄԱՏԹ. ԺԳ 55): Բայց սա ընդունելի կարծիք չէ և տեառնեղբայրների մասին իր տեղում պիտի խոսենք: Մոր առաջնեկը կոչվելու համար, սկզբից ևեթ ուրիշ զավակ չունեցած լինելը բավական է և անհրաժեշտ չէ երկրորդ զավակի ծնվելուն սպասել:

Մատթեոսն իր սովորության համաձայն, երբ ուզում է ապացուցել բոլոր մեսիական մարգարեությունների Քրիստոսի վերաբերյալ կատարված լինելը, այդ դեպքում հիշատակում է «Ահա կոյսը յղասցի եւ ծնցի որդի» մարգարեությունը (ԵՍ. Է 14): Մենք բավարարվում ենք մարգարեությունները հիշել, իսկ դրանք մեկնելու և հաստատելու գործը Ավետարանի մեկնիչներին է պատկանում:

No comments:

Post a Comment

Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է...